Մարտի 26-ին բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձիք: Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատավոր հայորդիներին տվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում շնորհավորեցին Հանրապետության նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ: